Տրամաբանական է Ձեր ճանապարհորդությունը Հայաստանում սկսել Երևանից։ Հայաստանի մայրաքաղաքը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է՝ հարուստ պատմությամբ և յուրահատուկ մթնոլորտով։ Քաղաքը, որը Հռոմից 29 տարով ավելի հին է, կոտրում է կարծրատիպերը․ այստեղ անցյալը ներդաշնակ միաձուլվում է ներկայիս հետ, իսկ պահպանողական Արևելքը հարևան է առաջադեմ Արևմուտքի հետ։ Երևանը բոլորովին չի թվում իր տարիքին համապատասխան․ այն շատ նորաձև և ժամանակակից քաղաք է։ Բազմահարկ բնակելի շենքերի «բետոնե ջունգլիները» մեղմացվում են հին շենքերի քարաշեն ջերմությամբ, իսկ տուֆի բնորոշ երանգը Երևանին տվել է «վարդագույն քաղաք» անվանումը։Երևանում ոչ ոք չի շտապում․ փողոցային սրճարանների աշխատակիցները հանգիստ խնամում են կանաչ տարածքները և սուրճ մատուցում այցելուներին, որոնք հանգիստ թերթում են ամսագրեր կամ օգտագործում իրենց գաջեթները։ Առավոտյան Կասկադում յոգայի մարզիչները պարապմունքներ են անցկացնում ցանկացողների համար, իսկ երեկոյան քորեոգրաֆները ներկայացնում են ժողովրդական պարեր։ Քաղաքի փողոցներում կարելի է տեսնել ժամանակակից աշխարհի լավագույն քանդակագործների աշխատանքները, թանգարաններում՝ խորհրդավոր արտեֆակտներ, պատկերասրահներում՝ հայկական և համաշխարհային գեղանկարչության դասականների ստեղծագործություններ, իսկ «վերնիսաժում»՝ ժամանակակից նկարիչների, կերամիստների և ոսկերիչների հրաշալի գործեր։ Երեկոյան Երևանը գրավում է դասական երաժշտության համերգներով, ժողովրդական մեղեդիներով, ջազ երաժիշտների ջեմ-սեշններով, գիշերային ակումբների երաժշտությամբ և յուրօրինակ երաժիշտների ելույթներով։ Կարելի է այցելել Սարյան փողոցի գինու բարեր, ընկղմվել մայրաքաղաքի հայտնի վայրերի մթնոլորտի մեջ, տեսնել երգող շատրվանների շոուն, վայելել համեղ ուտեստներ նորաձև ռեստորաններում և փորձել հայկական ֆասթֆուդ։ Մի վախեցեք փողոցային ուտելիքի փոքրիկ կետերից․ այնտեղ մատուցվում են հիանալի տժվժիկ, քյաբաբ և խորոված։ Եվ ամենակարևորը՝ փորձեք նախօրոք սոցիալական ցանցերում գտնել տեղացի ընկեր, որը կբացի ձեզ համար հին, բայց շատ ժամանակակից քաղաքի բոլոր գաղտնիքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով